Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շանթը` բանտում, տորթի՞ց են վախենում

Շանթը` բանտում, տորթի՞ց են վախենում
03.02.2014 | 16:20

Իրավապահները երեկ հերթական արջի ծառայությունը մատուցեցին իշխանություններին: Ազատության հրապարակում հավաքված մոտ հարյուր հոգին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի ծննդյան օրն էին նշում` եռագույն տորթով, որի վրա գրված էր` Ազատություն Հայաստանի քաղբանտարկյալներին: Ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը, ով իր մորթե գլխարկով հայտնվել էր հրապարակում (թե ասա` էդ մորթե գլխարկը դրել ես, եկել Ազատության հրապարակ, որ ի՞նչ անես), հավաքի մասնակիցներին արգելում էր տորթը սեղանի վրա թողնել: Ձեռքերով պահեք` ասել էր Օսիպյանը, կարծես ձեռքերով պահելուց տորթի մակագրությունը ցնդելու էր: Հետո էլ տարել-բերել էր, թե` հավաքը արտոնված չէ:

Վալերի Օսիպյանն այն ոստիկաններից է, ովքեր 2008 մարտի 1-ից մինչև հիմա ցուցարար են հալածում, ցուցարար են քշում հրապարակներից, հաճախ սպառնում են ակտիվ քաղաքացիներին, հաճախ նաև մահակ են գործածել-գործածում: Ով-ով, Բայց Օսիպյանը լավ գիտե օրենքները և որ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով մինչև 100 հոգին չգերազանցող հավաքի դեպքում իրազեկում ներկայացնելը պարտադիր չէ: Ազատության հրապարակում երեկ մասնակիցների թիվը չի գերազանցել 100-ի սահմանը և ուրեմն ոստիկանի պահանջը անօրինական է եղել: Սա հարցի մի կողմն է: Մյուս կողմից`ապշել կարելի է իրավապահների ջանքերից առ ոչինչ: Շանթ Հարությունյանը ու ևս ՀՀ 14 քաղաքացիներ անցած տարվա նոյեմբերի 5-ի դեպքերով ազատազրկված են: Նշենք, ի դեպ, որ այս 15 հոգուն ԱՄՆ-ում գործող «Human Rights Defense» իրավապաշտպան կազմակերպությունը վերջերս քաղաբանտարկյալ ճանաչեց: Նրանց քաղբանտարկյալ են ճանաչել և Հայաստանի մի շարք իրավապաշտպաններ: Հիմա` Շանթը բանտում է, իսկ երեկ Ազատության հրապարակում է եղել նրա ծննդյան օրվա տորթը: Ընդամենը: Այդ տորթը Շանթը նույնիսկ չի տեսել, ավելին` նրա պատվիրման գործով Շանթը չի զբաղվել, անգամ ծննդյան օրը պայքարի հրապարակում նշելը նրա մտահղացումը չի եղել: Այսինքն, մարդը` բանտում, ծնունդը` Ազատության հրապարակում, ու այդ ծնունդից վախեցողներ կան, հա՞: Սա աբսուրդ է: Ոստիկանությունը հասել է այնտեղ, որ իր անտրամաբանական ու անօրինական պահվածքով իշխանությանն ընդամենը արջի ծառայություն է մատուցում: Ոչ ավելին: Ակտիվ-անկախ-գիտակից քաղաքացիները վերջին տարիներին այնքան բան են տեսել, որ կարելի է ասել` նրանց «վախը չափած է»: Նրանց վրա չեն ազդում ոստիկանական տարատեսակ հաթաթաները: Ուրիշ բան պետք է մտածել, եթե ոստիկանությունն իսկապես ցանկանում է շահել քաղաքացիների վստահությունը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ